Միլֆորդ ծոցը (անգլ.՝ Milford Sound, (մաորի՝ Piopiotahi), նեղուց Նոր Զելանդիայի հարավային կղզիներում։ Երկարությունը 16 կմ է։ Այս վայրը դիտարժան են դարձնում երկրագնդի ամենաբարձր ջրվեժները և ամենաբարձր ծովային զառիթափները։
1823 թվականին փոկերի որսորդ Ջոն Գրունուն դարձավ նեղուց այցելող առաջին եվրոպացին։ Նա այն անվանեց Միացյալ ԹագավորությանՈւելսի իր հայրենի քաղաքի անունով`Միլֆորդ նավահանգիստ։ Առաջինն այստեղ հաստատվեց Դոնալդ Սազերլենդը 1877 թվականին, ով նաև հյուրանոց կառուցեց։ Երեք տարի անց նա հայտնաբերեց աշխարհի հինգերորդ ամենաբարձր ջրվեժը, որն այժմ կոչվում է նրա անունով։ Սազերլենդի ջրվեժից ջուրը գահավիժում է 600 մ բարձրությունից`երեք թռիչքով։ Ներկայումս Միլֆորդ ծոցում հայտնի են բազմաթիվ ժամանակավոր և մշտական ջրվեժներ, որոնց գոյությունը հիմնականում պայմանավորված է տեղանքի բարձր խոնավությամբ և առատ տեղումներով։ Այստեղ օրական տեղումները կարող են հասնել մինչև 25 սմ։ Որոշ ջրվեժներ օրինակ՝ Բոուեն ջրվեժը, շատ տպավորիչ է, իսկ կասկադները կարող են իջնել մոտավորապես 1000 մ։ 1850 մ բարձրության վրա գտնվող Խույրի գագաթն աշխարհի ամենաբարձր ծովային զառիթափն է և կազմում է նեղուցը շրջապատող ուղղաբերձ լեռների մի մասը։ Լեռները այնքան ուղղաբերձ են, որ երբեմն կուտակված անձրևաջուրը կարող է արմատախիլ անել սաղարթախիտ մերձարևադարձային ծառերը, ինչի հետևանքով ծառերը ցած են գլորվում։
Մաորիում նեղուցը հայտնի է Փիոփիոթահի անվամբ («միայնակ կեռնեխ»), որովհետև առասպելի համաձայն մի միայնակ կեռնեխ թռել է այստեղ՝ ողբալու ընկերոջ մահը, երբ Հինենուիժթե-Պոն (մահվան աստվածուհին) կեսմարդ-կեսաստված Մաուիից խլեց անմահության շնորհը։